Ամերիկահայ ժամանակակից երեսուներկու արուեստագէտ՝ մէկ սրահում: Սիրիահայերին զօրակցելու գաղափարն էր համախմբել տարբեր ոճերում ստեղծագործող նկարիչներին Հայ առաքելական եկեղեցու Արեւմտեան թեմի առաջնորդարանի «Զօրայեան» սրահում կազմակերպուած գեղանկարչական ցուցահանդէսում: «Ամիսներ շարունակ լոսանջելեսահայութիւնն ու Արեւմտեան թեմը տարբեր կարգի նուիրահաւաք-ձեռնարկներ են կազմակերպում, եւ այսօր մեր արուեստագէտ նկարիչներն են ներդրում ունենում մարդասիրական այս գործին: Իմ պատգամն է, որ իւրաքանչիւր հայ որեւէ ձեւով իր մասնակցութիւնը բերի Սիրիայի մեր ազգակիցներին օգնելու հարցում», իր խօսքում նշեց Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը:

Տարբեր ոճերում ստեղծագործող հայ նկարիչներին համախմբելու միտքը յղացել էր Տիգրան Մուսոյեանը. «Կարծում եմ, այսօր աշխարհի բոլոր հայերն էլ մտածում են, ինչպէս օգնել Սիրիայում բնակուող մեր հայրենակիցներին, որոնց համար չափազանց կարեւոր է մեր միասնական զօրակցութիւնը: Որպէս արուեստագէտ, մտահղացայ համախմբել գործընկերներիս եւ արուեստի միջոցով ունենալ մեր ներդրումը», նշում է Հայ երաժիշտների եւ արուեստագէտների կենտրոնի ու «Տապան» հեռուստածրագրի ղեկավար Մուսոյեանը: Նա իր ծրագիրը ներկայացրել էր Յովնան սրբազանին, ով սիրով համաձայնել էր հովանաւորել միջոցառումը:
Նախաձեռնութեանը միացել էին նաեւ Պոլսահայ միութիւնն ու Սիրիայի հայերի զօրակցութեան միացեալ մարմինը: Բնոյթով աննախադէպ այս ցուցահանդէսի մասնակից արուեստագէտների մեծամասնութիւնն իրենց իւրատեսակ նուիրատուութիւնը կատարեցին՝ գնահատուածից անհամեմատ ցածր արժէքներով ներկայացնելով իրենց գործերը, ոմանք էլ՝ ուղղակի նուիրաբերելով դրանք: «Ես ու արուեստագէտ ընկերներս մեր մասնակցութեամբ ցանկանում ենք օգնել մեր հայրենակիցներին, ովքեր ծայրայեղ վիճակում են:

Գնելով այս գործերը, գնորդն էլ իր ներդնումն է ունենում համահայկական նշանակութիւն ունեցող այս հարցում՝ միաժամանակ ձեռք բերելով արուեստի գեղեցիկ որեւէ գործ», կոչ արեց ճանաչուած նկարիչ Սեմ Զումեանը: «Կաթիլ ովկիանոսում, որը սակայն նաեւ բարոյահոգեբանական աջակցութիւն կը լինի մեր հայրենակիցներին», այսպէս ներկայացրեց ցուցահանդէս-վաճառքի նպատակը նկարիչ Գալուստ Գեոդելը, ով ներկայացել էր իր նոր էքսպերիմենտալ գործերով: Բեթի Բայրամեանն էլ համոզուած է, որ մեր ազգակիցներին աջակցելու գաղափարի շուրջ համախմբուելով միայն կարող ենք արդիւնքի հասնել, եւ յոյս յայտնեց, որ ցուցահանդէսը կը քաջալերի մարդկանց:
«Մեծ սիրով համաձայնուեցի մասնակցել այս ցուցահանդէսին, քանի որ սա նաեւ օրինակ է, որ իւրաքանչիւր հայ պէտք է միանայ համազգային տարողութեան նախաձեռնութիւններին», նշեց նկարիչ, քանդակագործ Դրօ Արզուեանը: Ձեռնարկին մասնակցում էր նաեւ իրանահայ արուեստագէտ Ալա Օջախեանը. «Ուրախ եմ, որ առիթ ունեցայ մասնակցելու Սիրիայի մեր քոյր-եղբայրներին զօրակցելու գործին: Նրանք այսօր մեր կարիքն ունեն, եւ իւրաքանչիւր ներդրում փոփոխութիւն կարող է բերել մեր հայրենակիցների կեանքում», նշեց նկարչուհին:

Ռազմիկ Սամուելցը ներկայացրել էր իր ամենասիրած գործերից մէկը. «Սիրով եմ մասնակցում եւ յոյս ունեմ, որ մարդասիրական նման ձեռնարկների միջոցով կը կարողանանք աջակցել մեր կարիքն այսօր ամէնից շատ ունեցող սիրիահայերին»: Սիրիահայութեան զօրակցութեան միացեալ մամնի ատենապետ Զաւէն Խանջեանն իր երախտագիտութիւնը յայտնեց հայ արուեստագէտներին, ովքեր, իր խօսքով, «առանց կոչի, հրաւէրի ինքնակազմակերպուեցին եւ իրենց նուիրատուութիւնն արեցին»:
«Այսօր մի մեծ համայնք, որ մեր արիւնից է՝ հոգեվարքի մէջ է, եւ սիրիահայերի ներկայ տագնապը մեր բոլորի առաջնահերթութիւնն է: Կոչս ուղղում եմ մեր միւս մասնագիտական միութիւններին՝ հետեւելու արուեստագէտների օրինակին, քանզի այսօր իւրաքանչիւր հայի պարտականութիւնն է ոչ միայն նուիրաբերել, նաեւ՝ զոհաբերել, ինչպէս իր խօսքում արդարեւ նշեց սրբազանը: Իւրաքանչիւրիս նուիրատուութիւնը հաստատ փոփոխութիւն կը բերի Սիրիայում բնակուող մէկ հայ մանուկի, մէկ տարէցի, մէկ երիտասարդի կեանքում», հայ համայնքին իր յորդորն ուղղեց Խանջեանը:

Երեկոյի գոյներն իր կատարումներով խտացրեց երիտասարդ երաժիշտ Սեմ Բաբայեանը: Հարկ է նշել, որ վաճառքի արդիւնքում գոյացած ողջ հասոյթը տրամադրուելու է Սիրահայերի աջակցութեան հիմնադրամին: Առաջին ձեռնարկը կայացաւ, թէեւ վաճառուեց ընդամէնը մէկ աշխատանք: Տիգրան Մուսոյեանը կարեւորելով նպատակը, յայտնեց, որ շարունակական կը դարձնի նախաձեռնութիւնը: