Նոյեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ում գործող Սիրիահայերի օգնության հիմնադրամի (SARF) նախագահ Րաֆֆի Քենդիրջյանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց հյուրին՝ արժևորելով Սիրիայում հայ համայնքի պահպանությանն ուղղված ազգանպաստ գործունեությունը և Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնելու նրա պատրաստակամությունը: Նախարարը մասնավորապես նշեց. «Ով ազգի համար գործ է անում, ինձ համար ամենամեծ բարերարն է: Հպարտ եմ, որ այսպիսի մարդիկ կան, որ ապրում են Հայրենիքը, ազգը սիրելով ու նրան ծառայելով: Սիրիահայերը արտակարգ մարդիկ են, աշխատող, ստեղծագործող, համեստ: Այսօր դեռևս լիովին լուծված չեն նրանց բնակարանային և աշխատանքի տեղավորման հարցերը»:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց սիրիահայության հետ տարվող ամենօրյա աշխատանքը, խնդիրները, դժվարությունները: Խոսվեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետևողական և թափանցիկ գործունեության մասին:

Րաֆֆի Քենդիրջյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: Անդրադառնալով սիրիահայության խնդիրներին՝ նա ընդգծեց. «Ես ուրախ եմ և հպարտ, որ այս ամենը կլսեմ: Ձեր խոսքը մեզ համար շատ ծանրակշիռ է: Հանդիպելու եմ նաև սիրիահայերի հարցերով զբաղվող կառույցների ղեկավարներին, որպեսզի իրավիճակի ամբողջական պատկերացում ունենամ: Մեր կազմակերպությունը 4 տարի առաջ է ստեղծվել: Սիրիահայերին աջակցելու ծրագրեր ենք իրականացրել Սիրիայում: Այժմ նպատակ ունենք օգնել նաև Հայաստանում հաստատված մեր հայրենակիցներին, որ տուն, աշխատանք ունենան»:

Զրույցի ընթացքում քննարկվեցին Սիրիայի իրավիճակին, զարգացումներին ու հեռանկարներին, հետագա համատեղ ծրագրերին առնչվող հարցեր:

Սիրիահայերի օգնության հիմնադրամի (SARF) առաքելությունն է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Սիրիայի քաղաքացիական պատերազմից տուժած սիրիահայերին: Կազմակերպությունը համագործակցում է ԱՄՆ-ում գործող եկեղեցական կառույցների, քաղաքական կուսակցությունների և բարեգործական կազմակերպությունների հետ: