Օգնել Եղբայրներին

By October 2, 2012 November 15th, 2015 News

Սիրիան սարսափելի աղէտի մէջ է: Երկիրը, որը մեր հազարամեայ հարեւանն է, քաղաքացիական պատերազմի բոցերի մէջ է եւ բաժան-բաժան է լինում: Բայց չէ՞ որ մենք՝ հայերս, Սիրիան բոլորից լաւ ենք ճանաչում: Մեր կապերը հեռաւոր անցեալից են սկիզբ առնում: Յիշո՞ւմ էք՝ «Սասունցի Դաւիթ» էպոսում յիշատակւում է. «Մեզ համար հաց էին բերում Շամն ու Հալէպը»:

Շամ՝ արաբերէն այդպէս են անուանում Սիրիան: Իսկ արաբներից առաջ այն անուանում էին Սուրի: Այդ հողը յիշում է Տիգրան Մեծի հայ զինուորներին եւ Կիլիկիայի արքայ Լեւոն Բ.ի ջոկատներին: Շամից էին սկսւում արաբական զաւթիչների շատ արշաւներ դէպի մեր երկիր: Շամում՝ արաբական քաղաքներում եւ անապատի քոչուոր ցեղերի վրաններում օթեւան գտան Ցեղասպանութեան տարիներին փրկուած մեր հայրենակիցները: Այստեղ՝ Միջերկրական ծովի ափին, Քեսապի շրջանում կարելի է գտնել նաեւ Կիլիկիայի հայերի վերջին գիւղերը: Այստեղ՝ Հալէպում, ապրում են մեր այն ազգակիցների սերունդները, որոնք եւրոպական դաշնակիցներից լքուած ու դաւաճանուած, զէնքը ձեռքներին եւ վիշտը սրտում՝ վերջինն էին Զէյթունից, Այնթապից, Եդեսիայից նահանջում դէպի հարաւ՝ Սիրիա… Հայ-սիրիական կապերի մասին շատ է գրուել: Իմ դրուագային յիշատակումներն ամենեւին չեն յաւակնում այդ կապերի ամբողջական կամ նոյնիսկ մասնակի լուսաբանմանը: Բայց մենք իրաւունք չունենք մոռանալ, որ սիրիահայերի համայնքները տասնամեակներ շարունակ որպէս կադրային դարբնոց են ծառայել Սփիւռքի համար՝ աշխարհով մէկ սփռուած հայ ժողովրդին մատակարարելով ուսուցիչներ, մշակոյթի եւ արուեստի գործիչներ, հասարակական, եկեղեցական եւ քաղաքական առաջնորդներ: Նրանք, ովքեր կռուել են յանուն Ղարաբաղի ազատութեան, երբեք չեն մոռանայ Սիրիայից եկած համեստ, տոկուն, առնական եւ կարգապահ հայ կամաւորականներին: Սիրիահայութեան դերը սփիւռքի ազգային ինքնութեան պահպանման հարցում անվիճելի է եւ հայրենիքում այն դեռ արդար գնահատականի կ՛արժանանայ:

Իսկ բուն սիրիացիների հետ մենք դարերով առեւտուր ենք արել, բայց միմեանց չենք կողոպտել, կռուել ենք, բայց թշնամիներ չենք եղել, միասին պայքարել եւ տառապել ենք, երբ եւ Հայաստանին, եւ Սիրիային պարտադրուել էր թուրքական իշխանութեան անմարդկային լուծը:

Եւ ահա այսօր Սիրիան աղէտի առաջ է: Ո՞վ է մեղաւոր: Պատասխանն այնքան էլ ակնառու չէ, որքան թւում է: Ըստ երեւոյթին՝ ապագայում պէտք է վերստին անդրադառնանք այս հարցին՝ հասկանալու համար, թէ ինչպէս ստացուեց, որ կայուն հասարակութիւնն այսքան արագ ու հիմնիվեր խարխլուեց, յայտնուեց քաղաքացիական պատերազմի բոցերում. որպէսզի ամբողջովին հասկանալի դառնայ տարածաշրջանի եւ առհասարակ ժամանակակից աշխարհի պատկերը: Աշխարհին տիրելու յաւակնողները դեռ փորձում են կիրառել հին կարգախօսը՝ բաժանիր ու տիրիր, բայց նրանց յաջողւում է միայն առաջին մասը՝ բաժանելը, իսկ վարժ կառավարելը, այսինքն իրաւունքներ սահմանելը, վաղուց մոռացուած է: Իսկ մենք ժամանակն է, որպէսզի հասկանանք, թէ յատկապէս ինչպէս է գործում սունիներին ու շիաներին, քրիստոնեաներին ու հրեաներին, միւսներին միմեանց դէմ տրամադրելու, թունաւորելու կործանարար մեխանիզմը, ո՞վ եւ ինչպէ՞ս է դրանից օգտւում եւ ի վերջոյ՝ ինչո՞ւ է Արեւմուտքի քաղաքական միտքը «գարուն» անուանում այն իրադարձութիւնների շղթան, որը ներառում է ոչ միայն ատելի բռնապետի բռնաբարութիւնն ու տանջամահութիւնը, այլեւ ԱՄՆ դեսպանի խոշտանգումն ու անարգանքը եւ նրա գազանային սպանութիւնը: Բայց հիմա մենք խօսում ենք այլ բանի մասին: Սիրիան վտանգի մէջ է, եւ մեր այն հայրենակիցները, ովքեր այդ երկիրն իրենց տունն են համարում, կարիք ունեն մեր օգնութեան:

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ